Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ի վերջո` ի՞նչ ծագում ուներ 14+4=23 ծրագիրը

Ի վերջո` ի՞նչ ծագում ուներ 14+4=23 ծրագիրը
24.04.2018 | 12:00

Ինչպես ուզում եք, անվանեք երեկվա օրը` պատմական հաղթանակ, անակնկալ, թավշե հեղափոխություն, ժողովրդական հեղափոխություն, Նիկոլի հեղափոխություն, հրաժեշտ երեք նախագահներին, մերժիր Սերժին, իրադարձությունները զարգանում էին արագ ու չափազանց հստակ: Երբ անցնի էյֆորիան, հարկ է լինելու պատասխանել անխուսափելի հարցերի.


1. Սերժ Սարգսյանը մնու՞մ է ՀՀԿ նախագահ:

2. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, բայց նա դեռ ՀՀԿ նախագահն է, և ոչ ոք, բացի ՀՀԿ-ականներից, չի կարող պահանջել նրա ևս մեկ հրաժարականը: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն ԱԺ-ում և բավարար ձայներ ՀՅԴ-ի հետ, եթե ՀՅԴ-ն ԲՀԿ-ի պես վերջին պահին ՙչժողովրդականանա՚, վարչապետ ընտրելու համար վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:
3. Հնարավո՞ր է, որ ՙԵլքը՚ դառնա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես ընդունված է Հայաստանում: Մի գիշերում:
4. Երեկ քչերը նկատեցին, որ երկու իրարամերժ իրադարձություններ եղան` նախ նախագահ Արմեն Սարգսյանը վերանշանակեց նախարարներին, որ մնացել էին պաշտոնակատար, հետո ընդունեց կառավարության հրաժարականը: Եթե հիշում եք` կառավարության հրաժարականից հետո 7 օրում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: ԱԺ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3 առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Հայաստանը այս ճանապարհո՞վ է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
5. Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարում էր, որ ապրիլի 25-ին, ժամը 11-ին հանդիպելու է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ
քննարկելու հետագա քայլերը և ասում էր. «Քայլ առաջին` Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն տեղի է ունեցել: Քայլ երկրորդ` Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից ՀՀ-ում ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Ինքնին հասկանալի է` ո՞վ է ժողովրդի թեկնածուն: Սահմանադրության հետ հակասություն չկա՞` վարչապետին ընտրում է ԱԺ մեծամասնությունը, «Ելքը» փոքրամասնություն է:
6. Թե՞ գնալու ենք Սահմանադրության համապատասխան` ՀՀԿ-ն ընտրում է իր վարչապետին անվանական քվեարկությամբ: Նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում ԱԺ-ի ընտրած թեկնածուին: Կառավարության կազմավորումից հետո՝ 20- օրյա ժամկետում, վարչապետն ԱԺ է ներկայացնում կառավարության ծրագիրը: ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7- օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հավանություն չի տալիս, Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով:
7. Ռուսաստանը երեկ սկսեց իր հեռուստաշոուներում հայտարարել, որ Սերժ Սարգսյանին զանգահարեցին վերևից, որից հետո հրաժարական տվեց: Ռուսաստանի ՙվերևը՚ ԱՄՆ-ն է եղել ու մնում: Դա սպասելի էր` Ռուսաստանի համար աշխարհը սև ու սպիտակ է` սպիտակն իրենք են, սևը` ԱՄՆ-ը: Նրանք չհասցրին ՙնարնջագույն հեղափոխություն՚ տեսնել Հայաստանում` վստահ, որ Հայաստանը ոչ մի տեղ իրենցից չի կորչի: Հիմա արդեն հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի վարչապետության գաղափարը Կրեմլը ի սկզբանե սառն էր ընդունել, թեպետ դա այդպես չէ` թե Մեդվեդևի, թե Պուտինի հակառակը վկայող հայտարարություններն են եղել: Հանուն արդարության` նաև տեսակետներ են հնչում, որ զանգը եղել է ոչ թե ԱՄՆ-ի ՙշրջկոմից՚, այլ Կրեմլի ՙկենտկոմից՚:
8. Սերժ Սարգսյանն ընդամենը ասաց, որ ինքը սխալվեց, բայց չասաց` ո՞րն էր սխալը: Եվ` ե՞րբ էր արել` երբ որոշեց վարչապետ առաջադրվե՞լ, թե՞ երբ որոշեց հրաժարական տալ: Թե՞ Կարեն Կարապետյանին Երևան բերելը:
9. Ի վերջո չի՞ ստացվելու, որ ինչպես քառյակը իշխանության բերեց Հովիկ Աբրահամյանին, այնպես Նիկոլ Փաշինյանը իշխանության է բերելու Կարեն Կարապետյանին, որ երեկ յուրայինների հետ ավելի բուռն էր տոնում հաղթանակը, քան` Նիկոլ Փաշինյանը: Միանշանակ է, որ ռուսական կապիտալը Նիկոլ Փաշինյանին չի հանձնվի, որքան էլ նա հիանա Մարիա Զախարովայի խոսուն հայտարարությամբ: Առավել ևս` ռուսական ռազմաբազայի ճակատագիրը:
10. Երեկ մի քանի ժամ Երևանը բղավում ու ազդանշանում էր` հաղթանակ էր տոնում: Շատ քչերը հասկացան, որ հաղթանակը դեռ շատ հեռու է և գալու է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ համակարգի իշխանազրկումից հետո, իսկ համակարգը ընդամենը փոխում է դեմքը: Համակարգի դեմ պայքարում են համակարգ ստեղծելով` անձնական պայքարով անձի դեմ համակարգին հաղթելը հեքիաթ է, որ շատ հիշեցնում է ռուս Իվանուշկային:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում նորից հայտարարեց`
«Մեր քաղաքական շարժման` թավշյա հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, ոչ մի դավադրություն գոյություն չունի: Սա ողնուծուծով, զտարյուն, մաքուր հայկական թավշյա հեղափոխություն է, և որևէ այլ մեկնաբանություն չի կարող լինել, և ես ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներ ի գիտություն են ընդունել մեր այս ուղերձը, և հենց այդպես էլ ընկալում են իրավիճակը»: Արդարանու՞մ էր, թե՞ բացատրում: Թե՞ կանխում: Ինչու՞ էր նրան այդքան հմայել, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը Ֆեյսբուքում գրել էր. «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ յուրաքանչյուր հայի համար տոն է` «Դուք բոլորդ այս տոնը կերտել եք սեփական ձեռքերով, և ես ուզում եմ ասել այն, ինչ ասացի բանտից դուրս գալուց և հրապարակ հասնելուց հետո` ՀՀ ժողովուրդ, քո ցավը տանեմ»: Կասի՞ նույն բառերը ժողովրդին վաղը կամ մյուս օրը, երբ ժողովուրդը հարցնի` դու ասում էիր` «ՀՀ-ն պետք է այլևս լինի ազատ և երջանիկ պետություն: ՀՀ քաղաքացին պետք է լինի ազատ, երջանիկ և բարեկեցիկ՚, ինչու՞ էիր ստում:

Ի վերջո` ի՞նչ ծագում ուներ 14+4=23 ծրագիրը: Միանշանակ է, որ ժողովուրդը իր դերը փայլուն, հավատով ու համոզմունքով կատարեց, Նիկոլ Փաշինյանը` ավելի քան: Ինչու՞ այդքան հեշտ հեռացավ Սերժ Սարգսյանը, որ 2008-ի մարտի 1-ից հետո էր իշխանության եկել և 10 տարում էլ կատարելագործել էր ցանկացած իրավիճակից դուրս գալու ու հօգուտ իրեն շրջելու հմտությունը: Պատասխանը գիտի Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց նա երբեք չի ասի իր հրաժարականի իրական պատճառը, թեպետ դա վաղուց արդեն գաղտնիք չէ: Բորիս Ելցինն էլ չկա, որ խմի ու անկեղծանա: Փաստորեն խորհրդարանական կառավարումը Հայաստանում սկսվեց առաջին վարչապետի մեկ շաբաթ միայն պաշտոնավարումով ու հրաժարականով` ինչպես առաջին նախագահինը: Եվ ամեն ինչ սկսվում է նորից ու նորից` իսկ մենք մնում ենք կարուսելի ձիուկներ, որ խորապես համոզված են, թե վազում են իրենց կամքով:

Դիտվել է՝ 5267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ